BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Անգամ եվրոպացի արտիստներն են հիացմունքով խոսում հայաստանյան հանդիսատեսի մասին»

«Անգամ եվրոպացի արտիստներն են հիացմունքով խոսում հայաստանյան հանդիսատեսի մասին»
08.06.2018 | 01:09

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի (հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյան) 19-րդ համերգաշրջանը կմեկնարկի հունիսի 11-ին` Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով: «Գրեմմի» մրցանակի արժանացած, 92 տարվա պատմություն ունեցող նվագախումբը ղեկավարելու համար Ամերիկայից Երևան է ժամանելու ծագումով էստոնացի, լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին: Դարի ականավոր դիրիժորներից մեկի հետ հանդիպումը Հայաստանում սպասված է եղել տասնամյակներ: Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրվում է Էստոնիայի և Հայաստանի հանրապետությունների 100-ամյակին:
«Իրատեսի» զրուցակիցը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:

-Ի՞նչ նորություններ են սպասվում փառատոնի շրջանակում, որո՞նք են այն ավանդույթները, ծրագրերը, որ պահպանվելու են նաև այս տարի:
-Պահպանվելու է այն, ինչը քսան տարի շարունակ առանցքային է եղել՝ բարձրագույն որակը: Հայաստան կգան ուժեր, որոնք կհարստացնեն մեր երկրի մշակութային կյանքը, նոր ճանապարհներ կբացվեն մեր արվեստագետների համար, կստեղծվեն համագործակցության կամուրջներ, ինչպես բազմիցս եղել է: Ինչ վերաբերում է նորություններին, իհարկե, կլինեն պրեմիերաներ, հանդիպումներ աշխարհահռչակ մենակատարների ու նվագախմբերի հետ, որոնք Հայաստան են ժամանելու առաջին անգամ: «Երևանյան հեռանկարների» 19-րդ համերգաշրջանն առանձնահատուկ է նաև նրանով, որ զուգահեռաբար պատրաստվում ենք 20-րդ հոբելյանական փառատոնին, որը պետք է ամփոփի անցած տարիների նվաճումները և ըստ արժանվույն ներկայացնի մեր երկիրը միջազգային ասպարեզում: Ի վերջո, պետք է մեր ներդրումն ունենանք զբոսաշրջության զարգացման գործում, որպեսզի փառատոնի հետագա համերգներն ունկնդրելու համար Հայաստան ժամանեն երաժշտասերներ տարբեր երկրներից:
Լինելու են նաև կրթական բնույթի ծրագրեր: Հունիսից վարպետության դասեր են նախատեսվում Բյուրականի արվեստի ակադեմիայում: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կմեկնարկի ամառային դպրոցը: Տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ երաժիշտներին դասավանդելու համար հրավիրվելու են երաժշտական աշխարհի առաջատար մասնագետներ: Երաժշտական այս կրթօջախը կոչված է միջազգային դասի մենակատարներ պատրաստելու, ինչի համար ջանք չենք խնայում:
-«Հեռանկարների» շրջանակում անցկացվում է նաև հոգևո՞ր երաժշտության փառատոն:
-2001-ին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով կազմակերպեցինք հոգևոր երաժշտության փառատոն, աշխարհի բազմաթիվ երկրներից երգչախմբեր ժամանեցին Երևան: Զուգահեռ տեղի ունեցավ «Համաքրիստոնեական մշակույթ» գիտաժողովը: Դա մի մեծ հոգևոր տոն էր: Այս ծավալով փառատոն անելու նպատակ միշտ ենք ունեցել: Կարծում եմ` առաջին քրիստոնյա երկիրը պետք է ունենա նման փառատոն: Նախագիծը հանձնել ենք թղթին, սակայն դեռ ընթացք չի ստացել: Առայժմ ամեն տարի անդրադարձ է լինում հոգևոր երաժշտության օրերին: Եթե հիշում եք, 2016-ին Էստոնիայի արական ազգային երգչախումբը հանդես եկավ հոգևոր երաժշտության համերգով, այս տարի ակնկալում ենք Վիեննայի տղաների ականավոր երգչախմբի հայաստանյան ելույթը: Կատարելու են հոգևոր երգեր:
-Երևանյան փառատոնը ենթադրում է համերգներ միայն մայրաքաղաքի՞ սահմաններում:
-Իհարկե՝ ոչ: Փառատոնը 2000-ին հիմնվեց «21-ի հեռանկարներ» անունով, ինչը խորհրդանշում էր 21-րդ դարի մշակութային, երաժշտական հեռանկարները: Այդ անվանումն ընտրել էր փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը: 2007-ին մենք դարձանք Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի անդամ, այնտեղ գրանցված բոլոր փառատոները քաղաքների անունով էին: Պետք է երևար, թե «21-ի հեռանկարները» որ երկրին է վերաբերում: Երևանյան դարձանք զուտ աշխարհին, Եվրոպային մեր քաղաքը տեսանելի դարձնելու համար: Իհարկե, այս հանգամանքը չի խանգարում, որ մենք ամեն տարի ՀՀ մարզերում համերգներ ունենանք: Նախատեսում ենք փոքրամասշտաբ փառատոներ Վանաձորում, Շիրակում և այլ մարզերում: Ասեմ, որ հոբելյանական տարվա շեմին մտադիր ենք «21-ը» փառատոնի անվան մեջ վերադարձնելու, որովհետև «21-ի հեռանկարները» ամբողջությամբ արտացոլում է այն հայեցակարգը, որ դրված է փառատոնի հիմնադրման գաղափարի հիմքում:
-Դուք նշեցիք փառատոնի միջոցով զբոսաշրջությունը խթանելու մասին. ի՞նչ կոնկրետ քայլեր են արվելու: Ի՞նչ է պետք աշխարհի ուշադրությունը գրավելու համար:
-Ֆինանսական կայունություն է պետք, որպեսզի նախապես հաստատենք ու հայտարարենք փառատոնի ծրագիրը: Մնացածն իր հունով կգնա: Փառատոնն անդամակցություն ունի Բրյուսելում, ուստի հեշտ է ինֆորմացիան տարածելը աշխարհով մեկ:
Արդեն ժամանակն է հայտարարելու և՛ այս, և՛ հաջորդ տարվա ծրագիրը: Երաժշտասերները սպասում են այդ հայտարարությանը, դա աշխարհում ընդունված պրակտիկա է: Նույն աստղերը, որ հանդես են գալիս մեզ մոտ, համերգներ են ունենում նաև այլ երկրներում: Փաստ է, որ տասնյակ հազարավոր մարդիկ գնում են այդ երկրներ, կոնկրետ համերգների համար, և տվյալ երկրի մշակույթն են ուսումնասիրում, և՛ համերգներին են ներկա լինում, և՛ ձգտում են հանդիպել հրավիրյալ հանրահայտ երաժիշտներին:
-Ի՞նչ կասեք հայաստանյան հանդիսատեսի մասին: Բարձրակարգ համերգները պահանջարկ ունե՞ն մեր երկրում:
-Պահանջարկը սպասվածից ավելին է: Այս օրերին խոսվեց այն մասին, որ դահլիճները սպասում են հանդիսատեսին: Մենք կարող ենք փաստեր, լուսանկարներ, տեսագրություններ տրամադրել, որոնցում երևում է, թե ինչ է կատարվում երևանյան համերգասրահներում մեր փառատոնային համերգների ժամանակ: Մարդիկ հատակին են նստած, կանգնած են, դահլիճում տեղ չկա, բայց երաժշտասերները գալիս են ու գալիս: Անգամ եվրոպացի արտիստներն են հիացմունքով խոսում հայաստանյան հանդիսատեսի ակտիվության ու երաժշտական բարձր ճաշակի մասին:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ